Հայ ազգի պանծալի դեմքերը. Ashot Babayan

Հայ ազգն առհասարակ բազմաթիվ տաղանդավոր և հանճարեղ զավակներ է ունեցել, ովքեր իրենց գործունեությամբ արժանի տեղ են զբաղեցրել ոչ միայն Հայաստանի, այլև՝ ողջ մարդկության զարգացման պատմության էջերին: Սակայն, վերջին տասնամյակներին ընդունված է խոսել առավելապես այն մարդկանց մասին, ովքեր այլևս մեզ հետ չեն, հետևաբար՝ դարձել են մեր պատմությունը կերտող հիմնասյուներ պատմության դասագրքերում:

Այսպիսով, մենք որոշակիորեն անտեսում ենք այն մարդկանց և, մասնավորապես՝ արվեստագետներին, ովքեր մեր ժամանակակիցներն են կամ սերնդակիցները: Էգեոնը նպատակ է հետապնդում ծանոթացնել ձեզ այն երաժիշտների հետ, ում ներդրումը համաշխարհային երաժշտական գանձարան պարզապես անփոխարինելի և անկրկնելի է: Կարծում ենք, որ այս ճանաչողական հոդվածը ձեռք կբերի շարունակական բնույթ՝ հասարակությանը շեղելով օտարամոլ և օտարապաշտ հայացքներից:

Մեր հոդվածն այս անգամ նվիրված է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ Աշոտ Բաբայանին (Ashot Babayan), ով 2003թ.-ից ի վեր Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատում է որպես խմբագիր և խորհրդական: Աշոտ Բաբայան-ին հպարտորեն կարող ենք անվանել հայկական Մալեր, քանի որ վերջինիս ստեղծագործություններն իրենց մասշտաբով, գործիքային կազմով և թափով առնվազն համեմատելի են դարձնում կոմպոզիտորին իր անվանի կոլեգայի հետ: Հատկանշական է, որ Ashot Babayan -ը հիմնականում անդրադառնում է խոշոր կտավի ժանրերի, ինչպիսիք են սիմֆոնիան, կոնցերտը, ռեքվիեմը, մագնիֆիկատը: Իսկ վերջիններս էլ աչքի են ընկնում իրենց մասշտաբայնությամբ: Ըստ այդմ էլ՝ կարող ենք առանձնացնել գործիքային կազմի խոշորությամբ Հայաստանում իր նախադեպը չունեցող «Ռեքվիեմ»-ը: Ստեղծագործությունը գրվել է 1981թ. և մինչ օրս, ցավոք, չի կատարվել: Այն նախատեսվում է հսկայական կազմի համար.

  • Ընդլայնված սիմֆոնիկ նվագախումբ՝ 4 ֆլեյտա, պիկոլո ֆլեյտա, 3 հոբոյ, 3 անգլիական եղջերափող, 2 կլարնետ in b, in a, բաս կլարնետ, 2 ֆագոտ, կոնտրաֆագոտ, 6 ֆրանսիական գալարափող, 4 շեփոր, պիկոլո շեփոր, 3 տրոմբոն, տուբա, լիտավրները 2 խումբ՝ ամեն խմբում՝ 6 հատ, 3 ծնծղա, թմբուկ, 3 բաս թմբուկ, 2 տամտամ, զանգեր, 4 զանգակներ և այլն: 3 տավիղ, դաշնամուր, լարայիններ;
  • Սոլիստներ՝ սոպրանո, ալտ, տենոր, բաս և բաս պրոֆունդո (1 խումբ՝ սոպրանո, ալտ, տենոր,բաս և 2 խումբ՝ սոպրանո, տենոր՝ երգչախմբից, և եկեղեցական ձայներ);
  • Banda I (Երկրորդ նվագախումբ)՝ 4 շեփոր in b, 4 ֆրանսիական գալարափող, 3 տրոմբոն, տուբա;
  • Banda II (Երրորդ նվագախումբ)՝ 4 կոռնետ, 3 տենոր, 2 բարիտոն, 2 բաս;
  • Բեմի հետևից՝ 2 ֆլեյտա, 2 հոբոյ, 5 կլարնետ, 2 ֆագոտ, կամերային երգչախումբ;
  • 2 մեծ երգչախումբ, մանկական երգչախումբ:

Ըստ կոմպոզիտորի, սակայն՝ ստեղծագործության գեղարվեստական արժեքն ու գեղագիտական որակը պայմանավորվում են ոչ թե լայնածավալ չափերով, այլ՝ ստեղծագործողի ասելիքի առկայությամբ և, հետևաբար՝ նաև կարևորությամբ:

Այսպիսով, մենք դեռ կանդրադառնանք Աշոտ Բաբայան-ի մնացյալ ստեղծագործություններին, բայց արդեն ավելի ծավալուն և ամբողջական հարցազրույցի տեսքով:

 

Հեղինակ՝ Զարուհի Միկոյան

 

Ashot Babayan - Աշոտ Բաբայան