Երկիր Նաիրյան

Աշխարհի բոլոր ծագերից մեր հայ ընկերները, բարեկամներն ու ազգակիցները շունչները պահած հետևում ու ակտիվորեն ոգևորում էին մեզ՝ հայաստանցիներս, որ այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պայքարում էինք՝ հանուն մեր մարդկային իրավունքների, հանուն մեր երկրի՝ մի խումբ կիսագրագետ, կիսահայ, կիսամարդ անձանց լծից ազատագրման: Բարդ էր թվում և անիրագործելի այդքան քաղաքացիների ոտքի հանելը, մանավանդ այն բռնատիրական համակարգում, որպիսին մերն էր, երբ բոլոր լրատվամիջոցներն ակնհայտորեն արհամարհում ու զլանում էին հանրությանը ներկայացնել պետությունում տիրող իրական մտքերն ու կրքերը: Արմկո ռադիոն՝ ի թիվս որոշ այլ ազատաշունչ ռադիոների՝ շարժման սկզբից մարդկանց ներկայացնում էր իրականությունը՝ իր ֆեյսբուքյան էջում կիսվելով ամենահրատապ լուրերով: Այժմ մենք շնորհավորում ենք մեր հայրենակիցներին սիրո ու եղբայրության կարգախոսը կրող շարժման բարեհաջող և ոգեշնչող ավարտի ու հաղթանակի կապակցությամբ:

Ցանկացած հայ, մասնավորապես՝ արվեստագետ, իր ներդրումն ու մասնակցությունն էր ձգտում ցուցաբերել ժողովրդական մեր շարժմանը: Էգեոն երաժշտական խումբը՝ ոգեշնչված հայերի միասնական պայքարով ու տարած հաղթանակով՝ հայ ազատ քաղաքացուն նվիրեց Երկիր Նաիրյան երգը:

 

Երաժշտություն՝ Արեգ Պանյան

Խոսք՝ Արմինե Ղազարյան

Երգչուհի՝  Զարուհի Միկոյան

Բեք-վոկալ՝ Միլենա Կոլոլյան

Լուսանկարներ՝ Գագիկ Աղբալյան

Միքս մաստեր՝ Արեգ Պանյան

Երգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներին, մեր արդարացի պայքարին և անխուսափելի ու փառունակ հաղթանակին: Կեցցե՛ն այս պայքարի անմնացորդ նվիրյալները, մեր հայ կանայք ու աղջիկները, մեր գիտակից ուսանողները, աշխարհասփյուռ մեր հայրենակիցները: Ողջ աշխարհն է հետևում մեզ, ուրեմն՝ շարունակե՛նք ապշեցնել նրանց մեր ազգի հզոր ներուժով և անկոտրում կամքով: Շարունակելի…

Առանձնահատուկ կերպով պետք է նշենք Հետք.am –ի լրագրող Գագիկ Աղբալյանին, ով բացարձակապես անշահախնդիր կերպով մեզ տրամադրեց իր հեղինակային լուսանկարները: Չենք կարող չնշել նաև այն, որ նա միակ լրագրողն էր, ով արձագանքեց մեր խնդրանքին:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև Միլենա Կոլոլյանին պրոֆեսիոնալ բեք-վոկալի և իր մասնակցության համար այս նախագծին: Միլենան մի շարք միջազգային մրցույթների մասնակից և դափնեկիր է, հետևաբար պատվով է ներկայացնում մեր երկիրը արտասահմանում: Միաժամանակ նա Էգեոն երաժշտական խմբի մեներգչուհի Զարուհի Միկոյանի սանն է և ուսանում է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային երաժշտական մասնագիտացված դպրոցում:

Երգի բառերը պատկանում են Արմինե Ղազարյանին, ով համագործակցում է մեր խմբի հետ դրա ստեղծման օրվանից:

Ստորև տրվում են Երկիր Նաիրյան երգի բառերը.

Couplet

Տերը քո ուղին քարից է բարդել,
Բայց դու այդ քարին արյամբ տեր կանգնել,
Բայց դու այդ քարից հույսի ու լույսի քո տերությունն ես կերտել,
Դու այդ քարից սիրո, հավատի կաթիլ ես քամել:

Refrain

Քո պատվիրակ աղավնին եմ՝
Արևածոր քո երկնքին դարձող բարի լուրով:
Քո պատվիրակ աղավնին եմ՝
Արևածոր քո երկնքին դարձող բարի լուրով:

Couplet

Դարը քեզ հղկեց, բայց չճկեց,
Դարը դարին կուտակվելով՝
Իմաստնացավ, լույսի նման ինքը բեկվեց-ծիածանվեց
Քո երգերում, մատյաններում քեզ չբեկեց:

Refrain

Ես քո փոքրիկ առագաստն եմ
Մեծ աշխարհի վայրագ քամիներին,
Ես քո փոքրիկ առագաստն եմ
Մեծ աշխարհի վայրագ քամիներին:

Couplet

Քո քարերից, խուլ դարերից
Խլած փորձով պիտի ապրեմ և արարեմ,
Եվ սերմանեմ գալիքը քո, մատյաններից և երգերից
Սերված խոսքով օրհներգը քո Հայք-Հայաստան:

Refrain

Ես քո փոքրիկ առագաստն եմ
Մեծ աշխարհի վայրագ քամիներին,
Ես քո փոքրիկ առագաստն եմ
Դու իմ ծաղկուն աշխարհ Հայաստան՝ երկիր Նաիրյան:

Թավշյա Հեղափոխություն