Շնորհանդես – Պրեմիերան

Ապրիլի 10-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ «Կասիոպեացիներ. Ավեոնա» ստեղծագործության Շնորհանդես – Պրեմիերան, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր ու լրատվամիջոցներ: Շնորհանդեսն անցավ մեծ հաջողությամբ՝ լուսաբանվելով և՛ ռադիո, և՛ հեռուստալրատվամիջոցների կողմից: Հեղինակը՝ կոմպոզիտոր Արեգ Պանյանը, աշխարհի ամենամեծ նվագախմբային կազմն ունեցող իր ստեղծագործությունն ունկնդրի դատին հանձնեց իր իսկ հնչյունավորած տարբերակով՝ գտնելով, որ հսկայական մասշտաբի այս գործի իրական՝ բնական կատարումը ևս չի ուշանա: Սակայն, մինչ այդ, մեր երաժշտասեր հանրությանը ներկայացված կատարումը որոշակիորեն նորարարություն էր և շնորհանդեսի մի բոլորովին նոր ֆորմատ, որն, ի դեպ, ջերմ ընդունելություն գտավ հանդիսատեսի կողմից: Երեկոյի ընթացքում ներկայացվեց ձայնի, թավջութակի ու կոլոսսո նվագախմբի համար գրված կոնցերտի Առաջին գլուխը: Ստեղծագործության հնչյունավորված տարբերակն ուղեկցվում էր դրա ոգուն համարժեք և վերջինիս շունչն ու թափը ճշգրիտ կերպով փոխանցող պատկերներով ու խորհրդանիշերով (այդ խորհրդանիշերի հեղինակը ևս կոմպոզիտորն է, ով պատրաստվում է գործի սյուժեն մի լիարժեք ու ամբողջական գրական ստեղծագործության վերածել հետագայում):

«Կասիոպեացիներ. Ավեոնա» նոտագիրքը

Միջոցառման ամենից վառ շարժառիթներից էր, իհարկե, հանրությանը դրա ահռելի չափերի պարտիտուր-նոտագիրքը ներկայացնելը ևս: Այն ունի կես մետր երկարություն ու կշռում է 16 կգ: Այսպիսով, նոտագիրքը, ինչպես և ինքը կոնցերտը, ամենախոշորն է երաժշտության պատմության մեջ: Հաշվի առնելով այդ ամենը՝ Կոմպոզիտորների միության նախագահ պրն. Արամ Սաթյանը պատվոգիր շնորհեց կոմպոզիտորին՝ արվեստի ոլորտում ակնառու ձեռքբերումների համար: Շնորհանդեսին ներկա հյուրերը հանգամանորեն տեղեկացան և՛ ստեղծագործության, և՛ դրա պարտիտուր-նոտագրքի ստեղծման պատմությանը՝ հնարավորություն ունենալով նաև նկարվել այդ ֆոլիանտի հետ: Այժմ կոմպոզիտոր Արեգ Պանյանը շարունակում է գրել կոնցերտի հաջորդ գլուխը, որը նախատեսում է հրապարակավ ներկայացնել հաջորդ տարի:

Փոքր – ինչ ստեղծագործության մասին

«Կասիոպեանս.Ավեոնա» ստեղծագործությունը կոմպոզիտոր Արեգ Պանյանը սկսել է գրել դեռևս 2017թ.-ից: Պարտիտուրի ուղղությամբ աշխատանքները տևել են մինչև 2019-ը ներառյալ: Գործի մտահղացումն, ըստ կոմպոզիտորի, ծնվել է շատ ավելի վաղ, քան այն իրագործելու որոշակի պատկերացումն իսկ: Երաժշտությանը զուգահեռ՝ Ա.Պանյանը սկսել է նաև նույնանուն վեպի ուղղությամբ աշխատել (համահեղինակ և ռուսերենից թարգմանող՝ Զարուհի Միկոյան): Վեպի սյուժետային գիծն ու երաժշտությունն անմիջականորեն կապված են: Իսկ սյուժեն այնքան ծավալուն էր, որ համառոտ լիբրետտոյի սահմանները չէին բավարարում կոմպոզիտորին, հետևաբար գրական նախատիպի գաղափարը խնդրի լավագույն լուծումն էր:
Երաժշտության մեջ խոշոր կտավներին հաճախակի անդրադառնալն Ա. Պանյան կոմպոզիտորի համար նորություն չէ: Ա.Պանյանի Սիմֆոնիան, ջութակի կոնցերտը, դաշնամուրային կոնցերտներն ու ալտի համար գրված Էլեգիա-Ֆանտազիան արդեն իսկ հուշում են, որ կոմպոզիտորը նախընտրում է մեծ մասշտաբներ և հագեցած, հարուստ նվագախմբային հնչողություն: Այս հատորում ընդգրկված է «Ավեոնա»-ի Առաջին գլուխը, որն արդեն իսկ ավարտուն գործ է: Սակայն կոմպոզիտորն արդեն իսկ պատկերացնում է այն՝ իբրև տետրալոգիա:

Ընդհանրացնելով՝ կարող ենք նկատել, որ կոմպոզիտորն այս գործով կարծես հաղորդագրություն է գրում և ուղղում բոլորին և ամենքիս: Մեր այժմյան անհոգի մատերիալիստական աշխարհում խիստ պակասում է մարդկայինը, հոգևորը, անանձնականը. ընկնելով տեխնիկական զարգացման ու առաջընթացի հետևից՝ մոռանում ենք հոգևոր արժեքների ու դրանց ծայրահեղ պակասի մասին, ինչն էլ բերում է արժեհամակարգերի խաթարմանն ու խեղաթյուրմանը՝ մոռանալով, որ կա մի ուրիշ իրականություն, «ուր ոգեղենիկն՝ ինքը միտքն է, իսկ զգացմունքներն՝ էությունդ»:

Շնորհանդես – Պրեմիերա՝  ֆոտոշարք

 

 

 

 

Արեգ Պանյան